Ժամանակի նպատակահարմարությունից ելնելով՝ ԸՕ փոփոխության հարցը երրորդ անգամ ԱԺ չի բերվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ժամանակի նպատակահարմարության առումով կարծում եմ, որ երրորդ անգամ ԸՕ փոփոխության հարցը չի բերվի խորհրդարան։ Այսինքն՝ մենք ընտրությունների կգնանք գործող ընտրական օրենսգրքով»,–նշեց նա։
Պատգամավորը նկատում է, որ որոշ քաղաքական ուժեր, որոնց կենսական շահերից էր բխում, որ նոր ԸՕ–ն ընտրվի, հանվի ռեյթինգային ընտրակարգը, նվազեցվի ընտրական շեմը, քանի որ նորով նախ շեմը իջեցվում էր 4 տոկոս եւ երկրորդ՝ չորրորդ ուժի համար սահմանվում էր ընդամենը առավելագույնը 2 տոկոսի շեմ, չօգտվեցին դրանից. «Սա ՀՀԿ–ի համար փրկօղակ էր, որն ուներ վստահության լրջագույն վակում։ Որոշ այլ ուժերի համար նույնպես փրկօղակ էր, քանի որ նրանք չունեն ռեյթինգային թեկնածու, հանրային մեծ վստահություն վայելող գործիչներ, որոնք կարող են ռեյթինգային՝ տարածքային ընտրացուցակով քվեներ բերել։ Թե ինչու այդ քաղաքական ուժերը գնացին քաղաքական ինքնասպանության, անկեղծ ասած առ այս պահը ինձ համար հասկանալի չէ։ Տպավորությունս մեկն է՝ սա ՀՀԿ–ի կողմից ուժի վերջին ցուցադրությունն էր»։
Հարցին՝ հնարավո՞ր է նման սցենար ակնկալել ԱԺ–ում վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը, Զոհրաբյանը նշեց. «Տեսականորեն այս խորհրդարանում որեւէ բան բացառել հնարավոր չէ, բայց եթե մենք առաջնորդվում ենք սթափ քաղաքական տրամաբանությամբ, ապա անընդհատ գնալ քաղաքական սուիցիդի, ես դրա մազոխիզմը, սադո–մազոխիստական նպատակահարմարությունը չեմ հասկանում։ Եթե քաղաքական ուժը սուիցիդալ հակումներ ունի, դա ոչ թե քաղաքական տրամաբանության, այլ պսիխոտրամաբանության ժանրից է»։
Պատգամավորը շեշտեց, որ ապրիլյան ընտրություններից հետո մշտապես խոսել է, որ ռեյթինգային ընտրակարգն ուղղակի ապաքաղաքականացնում է ընտրությունները, որովհետեւ գործեց ռեյթինգ հավասար է փող բանաձեւը։
«Եթե լիներ նոր ընտրական օրենսգիրքը, ապա վստահելիությունն ընտրական գործընթացի հանդեպ կլիներ բարձր։ Քանի որ այժմ չի լինելու փող, այս դեպքում կա որոշալի լավատեսություն, որ ռեյթինգը հավասար կլինի հանրային վստահություն, հանրային ճանաչելիություն, հանրային հարգանք»,–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը Աժ-ում ստացավ 62 կողմ ձայն, չբավարարեց մեկ ձայն, որ այն ընդունվի: ՀՀԿ-ն նախորդ անգամվա պես բոյկոտեց քվեարկությունը: «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններն ամբողջ կազմով կողմ քվեարկեցին, ՀՅԴ-ից երկու պատգամավոր բացակա էին եւ չեն քվեարկել:




























