Kepler տիեզերական աստղադիտարանը, որի մեկնարկը Երկրից տեղի էր ունեցել 2009թ․՝ էկզոմոլորակներ որոնելու համար, աշխատանքն ավարտել է վառելիքի անբավարարության պատճառով՝ տեղեկացրել է NASA-ի ներկայացուցիչ Փոլ Հերցը։

«Մենք այսօր հայտարարում ենք, որ NASA-ի Kepler հեռադիտակը, որ նոր մոլորակներ էր որոնում, այլեւս վառելիք չունի։ Դա անսպասելի չէր եւ նշանակում է տիեզերական սարքի աշխատանքի եւ գիտական տվյալների հավաքագրման ավարտ»,- հայտնել է Հերցը։

Kepler-ի առաքելությունը 9 տարի է տեւել, եւ այժմ նրա գիտական աշխատանքն ավարտված է։

Աստղադիտարանի գործունեության ավարտին գիտնականները սկսել էին պատրաստվել դեռեւս հունիսի վերջից, երբ պարզ դարձավ, որ վառելիքը վերջանում է։ Անցյալ ամիսների ընթացքում այն Երկրին է փոխանցել իր ստացած բոլոր տվյալները։ NASA-ում հավաստիացրել են, որ սարքը Երկրին չի սպառնում։ Մոտ ժամանակներս սարքը կանջատվի, եւ այն կշարունակի իր շարժումը տիեզերքում՝ Արեգակի անվտանգ եւ կայուն ուղեծրում։