Վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հարցը իր արդիականությունը շատ շուտով կկորցնի: Վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբաեւը: Նրա կարծիքով, երկու պետությունների միջեւ առկա գերազանց հարաբերությունների ֆոնի վրա, սահմանի խնդիր չպետք է ծագի:
«Այն, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բարձրաձայնում է Վրաստան-Ադրբեջան համադաշնակցության հարցը եւ երկու պետությունների միջեւ հարաբերությունները բարիդրացիական են, սահմանի խնդիր, հատկապես հասարակ քաղաքացիների համար, բացարձակապես չպետք է գոյություն ունենա», -նշում է ադրբեջանցի պատգամավորը, ավելացնելով, որ Վրաստանի քաղաքացիները կարող են ազատ անցնել սահմանը:
Մուսաբաեւը նկատել է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների հիմնական թույլ տեղը Դավիթ Գարեջի վանական համալիրի շրջանն է, որի նկատմամբ հավակնություններ ունի Վրաստանը, սակայն այն Ադրբեջանի համար նույնպես պատմամշակութային արժեք ունի:
«Ճիշտ է, հիմա Ադրբեջանը մահմեդական երկիր է, բայց քրիստոնեական մշակույթի հետ նույնպես սերտ կապ ունի: Այսօր, Դավիթ Գարեջու շրջանը ոչ կրոնական, այլ պատմա-մշակութային արժեք իսկապես ունի, եւ վրացիները կարող են յուրաքանչյուր վայրկյան սահմանը հատել եւ աղոթել Դավիթ Գարեջիում»,-նշել է փորձագետը:
Մուսաբաեւի խոսքով, եթե նույնիսկ անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունենա տարածքների փոխանակում:
Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հարցի վերաբերյալ բանակցությունները արդեն մի քանի տարի է, ինչ ընթանում են: Հիմնական խնդիրը հանդիսանում է Դավիթ Գարեջու շրջանը, որի մի մասն այս պահին վերահսկվում է Ադրբեջանի կողմից:





























