Իրանի խնդրանքով եւ Հայաստանի բարի կամքի դրսեւորմամբ, փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրան՝ այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանից, մինչ այդ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 Իրանի քաղաքացի:
Ներկայումս Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ բանակցություններ են վարվում դատապարտված անձանց` պատժի հետագա կրելու, փոխանցելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, եւ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան պայմանագիրը:
Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում են օտարերկրյա ավելի քան 200 քաղաքացիներ: ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ, արտաքին գործերի նախարարության եւ համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող օտարերկրյա քաղաքացիների պատժի հետագա կրման համար` իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ:





























