Երեւանի կենտրոնը բեռնաթափող եւ  քաղաքը շրջանցող երկու նոր գլխավոր ճանապարհ կկառուցվի՝ Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող վարկային ծրագրի առաջին փուլի համաձայն: Այս խնդիրն են այսօր՝ փետրվարի 14-ին քննարկել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Ասիական զարգացման բանկի քաղաքային ենթակառուցվածների կայուն զարգացման ծրագրի ղեկավար Արնո Դոֆինն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետաքրքրված է բանկի խորհրդատուների կողմից ներկայացված քաղաքային տրանսպորտի ծրագրերով:

Արնո Դոֆինն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին բանկի խորհրդատուների կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին կներկայացվի տրանսպորտային բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը: