Սուրբ Վալենտինի օրը, ինչպես ցանկացած այլ տոն, նաեւ առեւտրային խորը նշանակություն ունի:

Այսպես՝ շատերն Արեւմուտքում Սբ. Վալենտինի օրը համարում են «Հոլլմարք» ֆիրմայի տոնը։ Այն աշխարհում շնորհավորական բացիկների խոշորագույն արտադրողն է, եւ ամեն տարի այս տոնի ժամանակ մոտ 4 մլրդ դոլար է վաստակում։

Հայաստանում տոնը մի փոքր տեղայնացվել է՝ այստեղ սրտիկներով բացիկներ նվիրելն այնքան էլ տարածված չէ, թեեւ Արեւմուտքում դա սիրահարների տոնի հիմնական խորհրդանիշն է։

Հայաստանում հիմնականում ընդունված է ծաղիկներ նվիրելը։ Շատերը նույնիսկ այս տոնը ընկալում են որպես կանանց ու աղջիկներին նվիրված տոներից մեկը, թեեւ դա սխալ մոտեցում է։ Սբ. Վալենտինի տոնը սիրահարների տոնն է եւ ընդունված է, որ աղջիկները նույնպես պետք է բացիկներ նվիրեն իրենց սիրեցյալներին։

Հայ Առաքելական եկեղեցին փորձում է շրջանցել այս տոնը՝ համարելով այն կաթոլիկ եկեղեցուց եկող ավանդույթ, սակայն կարծում ենք, որ տոնն այդքան խորը կրոնական բովանդակություն չունի։ Մեր եկեղեցին նույնիսկ փորձում է Սբ. Վալենտինի օրը հակակշռել Սբ. Սարգսի տոնով։  Այս եւ տարբեր պատճառներով՝ Սբ. Վալենտինի տոնը Հայաստանում մեծ ժողովրդականություն չի վայելում։

Ծաղկավաճառների շրջանում անցկացված մեր հարցումները ցույց տվեցին, որ սիրահարների տոնի ընթացքում ծաղիկների նկատմամբ պահանջարկը էապես զիջում է մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին։ Ասում են նաեւ, որ տարբեր տարիներին պահանջարկը շատ տարբեր է եղել։ Այսպես՝ ունեցել են շատ հաջող 2008-ը, եւ շատ անհաջող 2009-ը։ Նույնիսկ 2010-ին շատ ծաղկավաճառներ տուժել են՝ չկարողանալով իրացնել նախապես հատուկ այս տոնի համար պահված ծաղիկները։

Ծաղկավաճառ Արթուրը, ում վաճառակետը Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ գտնվող անցուղում է, ասում է, որ այս տարի մեծ հույսեր չի կապել տոնի հետ։ Օրվա ընթացքն էլ ցույց է տալիս, որ ծաղիկների նկատմամբ պահանջարկն առանձնապես մեծ չէ։ Մարդիկ հիմնականում գնում են ոչ թանկ ծաղիկներ՝ մանուշակ կամ ձնծաղիկ, շատ ավելի քիչ՝ վարդ կամ ծաղիկների կոմպոզիցիա։ Արթուրը դա բացատրում է մարդկանց սոցիալական վիճակով, ասում է, որ մարտի 8-ի առեւտուրը նույնպես հաջող չի անցնի։

Չի բացառվում, որ քաղաքի սրճարաններում կամ ժամանցի այլ վայրերում այսօր աշխուժություն տիրի։ Ինչպես կանանց նվիրված մյուս տոներին է ընդունված՝ տղաները աղջիկներին որեւէ տեղ կհրավիրեն։ Սակայն այս ամենը իրականում Սբ. Վալենտինի տոնի հետ քիչ առնչություն ունի։

 

Սամվել Ավագյան