Պետք է ցավալ, որ Լիտվան հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ նախաձեռնությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար,  Հայ-լիտվական պատգամավորական բարեկամության խմբի համանախագահ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Լիտվայի Սեյմի կողմից ներկայացվելիք բանաձեւին, որում խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

«Լիտվան, լինելով ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, եթե փորձում է նման դիրքորոշում որդեգրել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, ապա ես ցավում եմ դրա համար»,-հայտարարեց Աղաբեկյանը: Նա Հայաստանին բարեկամական երկիր հռչակած երկրի օրենսդիր մարմնի նման նախաձեռնությունը որակեց հայկական դիվանագիտության թերացում: Աղաբեկյանի խոսքով, այդ փաստն ինքնին պետք է հուշի Հայաստանին՝ արտաքին քաղաքականություն իրականացնելիս ավելի հեռատես ու զգուշավոր լինել: