Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանելուց հետո նրա մարմինը Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում կամ հյուպատոսի առանձնատանը լուծել են ծծմբաթթվի մեջ։ Այս վարկածը հաստատում են նաեւ հյուպատոսության բակում գտնված կենսաբանական հանցանշանները՝ տեղեկացնում է Washington Post-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիին խեղդամահ են արել անմիջապես հյուպատոսություն մտնելուց հետո, եւ դա եղել է կանխամտածված սպանություն, նրա մարմինն անդամահատել են եւ ոչնչացրել։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ Մոհեբի հետ բանակցությունները որեւէ «որոշակի արդյունք» չեն տվել՝ չնայած ճշմարտությունը բացահայտելու Թուրքիայի ջանքերին։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Նշենք, որ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։




























