Ճապոնիան դեռեւս Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից չի ազատվել՝ տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ-ը մտադիր է նոյեմբերի սկզբից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք կառնչվեն նավթային ոլորտին։ Վաշինգտոնը կոչ է անում դաշնակիցներին հրաժարվել իրանական նավթի ներկրումից, հակառակ դեպքում պատժամիջոցները նաեւ նրանց վրա կանդրադառնան։ Ընդ որում, որոշ դեպքերում ԱՄՆ-ը կարող է դիտարկել պատժամիջոցներից ազատումը։ Դրա ակնկալիքը, Ճապոնիայից բացի, ունեն Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք իրանական նավթի ամենախոշոր գնորդներն են։
Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը բանակցությունների չորս փուլ են անցկացրել։ «Ճապոնական կողմը խնդրել է, որ պատժամիջոցները ճապոնական ընկերությունների վրա չազդեն։ Ես ձեռնպահ կմնամ բանակցությունների մանրամասների հետագա մեկնաբանություններից»,- նշել է նա։
Ավելի վաղ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմն Իրանի վրա ճնշումներն ուժեղացնելու մտադրություն ունի, սակայն չի ուզում վնաս պատճառել նավթից կախման մեջ գտնվող դաշնակիցներին եւ գործընկերներին։




























