ԱՄՆ-ն պատրաստ է Հնդկաստանին եւ Հարավային Կորեային ազատել պատժամիջոցներից, որոնք արգելում են իրանական նավթ գնել: Հաջորդ շաբաթվա սկզբին վերականգնվում են Իրանի դեմ պատժամիջոցները՝ ուղղված երկրի նավթային հատվածի դեմ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է, որ իրանական նավթ ներմուծողները մինչեւ այդ հրաժարվեն իրանական նավթի գնումներից, սակայն ակնկալվում է, որ որոշ երկրներ կկարողանան այդ օրից հետո շարունակել գնումները կրճատել:
The Economic Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ վարչակազմը Հնդկաստանին թույլ կտա ամեն ամիս գնել 1,25 մլն տոննա իրանական նավթ: Աղբյուրը հայտնել է, որ Հնդկաստանը եւ ԱՄՆ-ն ձեռք են բերել պատժամիջոցներից ազատելու համաձայնություն, ընդ որում՝ «Հնդկաստանը ներմուծումը մեկ երրորդով կկրճատի»:
Հնդկաստանը, որը մեծությամբ իրանական նավթի երկրորդ գնորդն է, 2017-2018 թվականներին Իրանից ներմուծել է մոտ 22 մլն տոննա նավթ:
Bloomberg News-ը հայտնել է, որ Սեուլին հաջողվել է Վաշինգթոնի հետ պայմանավորվել պատժամիջոցների մեղմացման հարցի շուրջ:




























