Հրշեջ ծառայությունում այսօր փետրվարի 14-ին 18:56-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 70 հինգհարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել 5 մարտական հաշվարկ, նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները: Կրակը մասամբ հնարավոր է եղել մարել:

Այս պահին 7-8 հրշեջներ տանիքում են եւ փորձում են հայտնաբերել հրդեհի հիմնական օճախները եւ մարել:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Բնակիչները պատմում են, որ ահազնագից 3 րոպե անց հրշեջներն արդեն դեպքի վայրում են եղել: Այստեղ են նաեւ Շենգավիթ վարչական  շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, իսկ հրշեջների աշխատանքը ղեկավարում է փրկարար հրշեջ ծառայության հրդեհաշիջման ղեկավար Վլադիկ Մովսիսյանը: Դեպքի վայրում է նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարար ծառայության վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:

Դեպքի վայրում են նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր ճանապարհի նշված հատվածում ուժեղացված ծառայություն են իրականացնում: