Մինչեւ 2018 թվականի վերջը Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, պետք է անցնի նոր Qwant որոնման համակարգին: Ֆրանսիական որոնման համակարգը կտեղադրեն  Ազգային ժողովի աշխատակազմի բոլոր աշխատանքային համակարգիչներում եւ պլանշետներում: Ֆրանսիայում «made in France»  որոնման համակարգին անցնելու մասին հայտնել են նաեւ Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ մի քանի ֆրանսիական քաղաքների վարչակազմերը:

Այսուհետ Ազգային ժողովի 577 պատգամավորները, նրանց օգնականները եւ 900 պաշտոնյաները, այլեւս իրենց համակարգիչներում եւ պլանշետներում Google-ին հասանելիություն չեն ունենա:

Նոր ֆրանսիական որոնման համակարգին անցնելու համար նրանք նույնիսկ ստեղծել են #SwitchToQwant (անցիր  Qwant) հատուկ հեշթեգ: «Bye-bye Google», հաղորդում է RFI-ն, հղում անելով Le Monde- ին:

«Ձեր անձնական կյանքի գաղտնիությունը հարգող որոնման համակարգ՝ այսպիսին է ֆրանսիական որոնման համակարգի կարգախոսը: Ի տարբերություն ամերիկյան հսկա Google-ի, Qwant-ը չի պահպանում որոնման պատմությունը, չի գրանցում cookie ֆայլերը, աշխատում է առանց գովազդի:

Ինչպես Le Monde-ն է նշում, իհարկե, ոչ ոք չի կարող խանգարել պատգամավորին google.fr հավաքել եւ հրաժարվել ներքին այլընտրանքից: Բայց խոսքը նախեւառաջ օրինակ ցույց տալու մասին է: Անմիջապես ֆրանսիական մի քանի պետական կառույցներ, ինչպես նաեւ որոշ քաղաքների քաղաքապետարաններ հաղորդել են Qwant-ին անցում կատարելու մասին: Հոկտեմբերի սկզբին ֆրանսիական որոնման համակարգն օգտագործելու մասին հայտարարվել էր Պաշտպանության նախարարությունը եւ Էկոնոմիկայի նախարարությունը:

Ինչպես եւ Google-ը, Qwant-ն առաջարկում է մի շարք ծառայություններ: Ամենատարածվածը Qwant Junior-ն է՝ որոնման համակարգ, որը հատուկ մշակված է 6-12 տարեկան երեխաների համար: Համակարգը զտում է պոռնոգրաֆիան եւ բռնության տեսարաններով բովանդակությունը, ինչպես նաեւ գովազդային հղումները: Qwant-ն այժմ սկսում է Qwant Mail էլ.փոստի ծառայությունը, ինչպես նաեւ Qwant Map քարտեզը եւ Qwant Pay վճարային համակարգը: