Պարոն Նահանպետյանի նկատմամբ իմ վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով իր օգնականի հրաժարականի մասին հարցին։
«Իմ օգնական պարոն Նահապետյանը իր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ։ Այնուամենայնիվ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ պարոն Նահապետյանի նկատմամբ իմ վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել, եւ դրական է, ինքը շատ լավ աշխատակից է եղել, ես ցավով եմ նշում, որ պետք է հրաժեշտ տանք իրար։ Այնուամենայնիվ, անձն ունի իր քաղաքական դիրքորոշումը, որը ինձ համար հասկանալի է, եւ առհասարակ ես կարծում եմ, որ քաղաքական մերկ դաշտում նոր գործիչների եւ նոր քաղաքական ուժերի կայացումը շատ կարեւոր է, կարող եմ նույնիսկ ողջունել պարոն Նահանպետյանի այս քայլը»,–ասաց նա։
Հարցին՝ իրենց թիմում դժգոհություններ կան արդյոք այն մասով, որ նոր ԸՕ–ի ընդունումը պետք է առաջնահերթություն լիներ, Ավինյանը պատասխանեց. «Պարոն Նահապետյանի դիրքորոշումներին ես ծանոթ եմ եղել, մի քանի ամիս առաջ նա հայտնել է, որ այլ քաղաքական ուժի է հարում, եւ ես ողջունել եմ իր քայլը, որովհետեւ կարծում եմ, որ դաշտում քաղաքական նոր ուժեր են պետք, գաղափարական ուժեր են պետք, այնուամենայնիվ, թիմում մենք որեւէ խնդիր չունենք»։




























