Հայաստանում բավարար ռեսուրս ունենք, կարող ենք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ առաջադրելուն:
Նախարարի պաշտոնակատարը չմանրամասնեց, թե ովքեր են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուները՝ նշելով, որ չի ցանկանում առաջ ընկնել գործընթացներից.
«Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք մեր գնահատմամբ կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը շահագրգի՞ռ է թեկնածու առաջադրել, Մնացականյանն ասաց. «Շահագրգիռ ենք, որ ՀԱՊԿ-ը որպես հավաքական անվտանգության կազմակերպություն շարունակի մնալ արդյունավետ: Մենք կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե մեր կողմից լինի թեկնածու, վստահ եմ՝ կարող ենք, ուրիշի կողմից եթե լինի, պետք է նայենք, ով է այդ ուրիշը»:
Հարցին, թե ո՞ր դեպքում Հայաստանին թույլ չեն տա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նախարարի պաշտոնակատարն ասաց.
«Այնպես չէ, որ Հայաստանին ասեն՝ չես կարող, իսկ Հայաստանն ասի՝ կներես, չեմ կարող, խոսքը վեց անդամ պետությունների մասին է։ Մենք հավասր անդամ պետություններ ենք, մենք մտածում ենք՝ ինչ անենք, պետք է լավ լինի կազմակերպության և բոլոր վեց պետությունների համար»,– ասաց նա՝ շեշտելով, որ ՀԱՊԿ–ն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, արտաքին գործերերի նախարարների խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ընթացակարգային հարցեր։
Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից











