Գարեգին Բ Կաթողիկոսի՝ Երեւանում կառուցվելիք նստավայրի եւ դրան կից Սուրբ Աննա եկեղեցու շինարարության համար հայտարարված տենդերի արդյունքներն ամփոփման փուլում են. կառուցապատող ընկերության անունը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա արդեն փետրվարի 20-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Հրայր Հովնանյանի անձնական ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը՝ ավելացնելով, որ տենդերին  մասնակցել են բացառապես հայրենական 7 շինարարական ընկերություններ։

«Հետ հանձնված բոլոր փաթեթներն ուսումնասիրվում եւ մշակվում են, տենդերի արդյունքների ամփոփման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ կաթողիկոսական նստավայրի եւ կից  եկեղեցու շինարարությունը կմեկնարկի 2011 թվականի մարտ 1-ին։ «Կառուցապատումը կավարտվի 2-2,5 տարում, շինթույլտվությամբ մեզ ճիշտ այդքան ժամանակ է տրվել»,- ասաց Նաիրա Մելիքյանը։

Նշենք, որ կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունն ամբողջովին հովանավորվում է Հրայր եւ Աննա Հովնանյաններ բարեգործական հիմնադրամի կողմից։ Երեւանի քաղաքապետարանը Աբովյան 15 հասցեում՝ Կաթողիկե մատուռի տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու կառուցման շինթույլտվություն տրամադրել էր դեռ 2010 թվականի դեկտեմբերի կեսերին։