Իրանական ուժային մարմինների աշխատակիցները, ինչպես համազգեստավոր ոստիկանները, այնպես էլ քաղաքացիական հագուստներով, փորձում են ցրել հակակառավարական ցույցը Թեհրանում: Բողոքի գործողության մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Եգիպտոսի ցուցարարներին, ովքեր 18-օրյա զանգվածային ցույցերից հետո հասել են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին:

Իրանցի ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել, հաղորդում է BBC-ն:

Թեհրանի կենտրոնում քաոս է. ցուցարարների եւ ոստիկանների միջեւ շարունակվում են բախումները: Ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ: Ընդդիմադիր Միր Հոսեյն Մուսավիի կայքը հայտնում է, որ նա տնային կալանքի տակ է: Տնային կալանքի տակ է նաեւ ընդդիմության մյուս առաջնորդը` Մեհդի Քարուբին: Իրանցիները բողոքի ցույց են անում «մաքրել բռնապետներին» կարգախոսով: