Իրանի հատուկ ծառայությունները 2010-ին կարող էին կոտրել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կապի համակարգերը եւ օգտագործելով Google-ում պարզ որոնողական հարցումները հայտնաբերել եւ ներթափանցել են կայքեր, որոնք ԿՀՎ-ն օգտագործել է իր գործակալների հետ շփման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն վկայակոչելով Yahoo News-ին:
ԱՄՆ-ի հետախուզության երկու նախկին աշխատակիցները հայտնել են, որ դա կարող էր տեղի ունենալ իրանցի երկակի գործակալի գործողությունների պատճառով, որին վարձել էր ԿՀՎ-ն:
Իբրեւ թե նա իրանական կողմին ցույց է տվել կայքը, որը ԿՀՎ-ն օգտագործել է իր գործակալների հետ շփման համար: Օգտագործելով Boolean Search գործառույթը (տրամաբանական օպերատորների՝ օրինակ «AND» եւ «OR» միջոցով որոնում), իրանական հետախուզությունը կարողացել է գտնել նաեւ այլ կայքեր, որոնք ԿՀՎ-ն օգտագործել էր իր գործակալների հետ շփվելու համար: Արդյունքում, Իրանը կարող էր հետեւել, թե ովքեր են այցելում այդ կայքերը, ինչ տեղերից՝ բացահայտելով երկրում ԿՀՎ գործակալների հետ աշխատանքի մի ամբողջ ցանց:
Խափանման հետեւանքները «աղետալի էին», շեշտել են պորտալի զրուցակիցները: Մի քանի իրանցի տեղեկատուներ բանտարկվել եւ մահապատժի են ենթարկվել: Արդյունքում, Իրանում գործակալական ցանցը ոչնչացվել է, նշում են ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցները:
2011 թվականի մայիսին Իրանի հետախուզական ծառայողները հրապարակավ հայտարարեցին, որ նրանք երկրում հայտնաբերել են ԿՀՎ 30 գործակալներից կազմված լրտեսային ցանց, հիշեցնում է պորտալը:
Վերջին տասնամյակում Իրանը բազմիցս բախվել է տարբեր երկրներում կիբեր հարձակումների մեղադրանքներին: Այս տարվա մարտին ատենակալների ամերիկյան կոլլեգիան ինը իրանցիներին մեղադրեց 320 բուհերում 7998 ուսուցիչների համակարգիչները կոտրելու համար:




























