ԱՄՆ պետդեպարտամենտը Twitter-ում պարսկերենով միկրոբլագ է բացել, որպեսզի դիմի Իրանի քաղաքացիներին: Հաղորդագրություններում Իրանի ղեկավարությանն ուղղված հաղորդագրություններ են: Մասնավորապես, Իրանի իշխանությունները մեղադրվում են երկերեսանիության մեջ, քանի որ նրանք մի կողմից աջակցություն են հայտնել Եգիպտոսում հակակառավարական ելույթներին, սակայն իրենց երկրում նմանատիկ ելույթները ճնշում են, գրում է Lenta.ru-ն:
Միաժամանակ, The Guardian թերթի բլոգը գրում է, որ Իրանի պաշտոնական լրատվամիջոցները կա՜մ խուսափում են խոսել Թեհրանի փողոցները ողողած բողոքի ակցիաների մասին, կա՜մ էլ մեղադրում են ընդդիմությանը՝ Արեւմուտքի հետ կապեր ունենալու մեջ:
Fars գործակալությունը, որը բլոգում ներկայացվում է որպես կիսապաշտոնական, հաղորդում է, որ «ԱՄՆ-ի եւ սիոնիզմի գործակալները կրկին պարտվել են» եւ որ Թեհրանի փողոցներում բողոքի են դուրս եկել ընդամենը մի քանի հարյուր «հիմարներ», որոնք աջակցություն չեն գտել երկրի հասարակության կողմից:
Միաժամանակ, «Թեհրանի բյուրո» բլոգում նշվում է, որ փետրվարի 14-ին Իրանի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել 350 հազար ցուցարարներ: Դեպքի վայրից հաղորդող թղթակցի խոսքով, մարդկանց բազմությունը լցրել է Հեղափոխության (Էնքելաբ) հրապարակը եւ հարակից փողոցները: Բողոքի ակցիային ներկա անվտանգության ծառայությունների աշխատակիցների թիվը, նա գնահատել է մոտ 13 հազար: Թղթակցի ներկայացմամբ, ինքն ականատես է եղել ցուցարարներին ծեծի ենթարկելու փաստերի:
Twitter.com-ի հաղորդագրություններում նշվում է, որ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ: Իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել եւ կրակել մարդկանց վրա ռետինե գնդակներով: Ըստ ստացվող տեղեկությունների, մարդիկ չեն ցրվել: Շատերը Թեհրանի փողոցներում տեղի ունեցողն արդեն անվանում են «քաղաքացիական պատերազմ»:
Սիրողական տեսաձայնագրություններում տեսանելի է, թե ինչպես են ցուցարարները աղբամանները քարշ տալիս փողոցներ եւ այրում դրանք: Արժե նշել, որ Իրանից ստացվող բոլոր տեղեկությունները պաշտոնական չեն եւ հաստատված չեն, քանի որ այդ երկրի իշխանությունները արգելում են իրենց վերահսկողությունից դուրս գործող լրատվամիջոցների աշխատանքը: Բացի այդ, Թեհրանում անջատված է ինտերնետն ու բջջային կապը:
Խոսք է գնում մեկ զոհի եւ տասնյակ վիրավորների եւ հարյուրավոր ձերբակալվածների մասին:
Ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հագը Իրանի իշխանություններին կոչ է արել հարգել հավաքների եւ կարծիք արտահայտելու ժողովրդի իրավունքը:
«Ինձ ներկայացված զեկույցի համաձայն, Իրանի անվտանգության ուժերը գրոհել են խաղաղ ցուցարարների վրա: Նախագահ Ահմադինեժադը նախորդ շաբաթ դիմել է Եգիպտոսի ժողովրդին, հայտարարելով, որ Եգիպտոսի ժողովուրդը իրավունք ունի իր կարծիքը հայտնել: Ես կոչ եմ անում Իրանի իշխանություններին սեփական ժողովրդին տալ նույն իրավունքները եւ ապահովել զսպվածություն անվտանգության ուժերի կողմից»,- ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի դիմումում:
Ավերի վաղ Իրանի ցուցարարներին իր աջակցությունն էր հայտնել նաեւ ԱՄՆ պետքարտուղար իլարի Քլինթոնը: «Իրանցիները արժանի են նույն իրավունքներին, որին հասան եգիպտացիները»,- ասել է Քլինթոնը:




























