Վաշինգթոնը վերականգնել է Թեհրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք գոյություն են ունեցել մինչեւ իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի համաձայնագրի ստորագրումը: Այս սահմանափակող միջոցառումները հիմնականում կվերաբերեն նավթային հատվածին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուրբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս միջոցառումները դարձել են ամենախիստը, որոնք Վաշինգթոնը երբեւէ սահմանել է Թեհրանի դեմ: Նրա խոսքով՝ «դրանք արդեն իրանական տնտեսության վրա կործանարար ազդեցություն են գործում»՝ ազգային արժույթը մեկ տարում 70 տոկոսով արժեզրկվել է, հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 37 տոկոս, իսկ տնտեսության մեջ ռեցեսիա է սկսվում:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ պատժամիջոցային ցուցակի մեջ են մտել 600 առանձին անձինք եւ ընկերություններ: Նրանք, ովքեր կշարունակեն նրանց հետ բիզնես վարել, վտանգվում են ԱՄՆ երկրորդային պատժամիջոցներին ենթարկվելուն:

Նրա խոսքով՝ սահմանափակումները «պետք է ազդեն իրանական ռեժիմի պահվածքի վրա»: Նա շեշտել էր, որ պատժամիջոցներն արդեն Իրանի տնտեսության վրա «ահռելի ազդեցություն» են ունեցել, քանի որ եվրոպացի գործընկերները սկսել են իրենց բիզնեսը երկրից նախօրոք հանել:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել էր, որ երկիրը կշարունակի նավթ վաճառել, չնայած պատժամիջոցներին:

Անցյալ շաբաթ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների օգնությամբ ցանկանում էր կաթվածահարել երկրի տնտեսական աճը, սակայն միայն ամրապնդել է Թեհրանի ինքնաբավությունը:

«Երկար տարիներ շարունակ իրանցի ազգը ներմուծում էր ամեն ինչ, իսկ հիմա ամեն ինչ արտադրելու սովորություն է մշակել»,- թվիթերյան իր էջում գրել էր Խամենեին: