Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը իրավապաշտպան կազմակերպություն կստեղծի։ Իր մտադրության մասին Մելիքյանը հայտնեց այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։ Կազմակերպության մասին նախկին օմբուդսմենը չմանրամասնեց, ներկայացրեց միայն կազմակերպության ռազմավարությունը։   

Մելիքյանի խոսքով՝ այն պատճառների թվում, որից ելնելով ինքը հրաժարական տվեց Արցախի ՄԻՊ պաշտոնից, կարեւոր հանգամանք էր այն, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, իր կարծիքով, նոր մարդկանց ու ինստիտուտների կարիք ունի։   

«Հաշվի առնելով այն, որ շատ մարդիկ, որոնք նախկինում քաղաքացիական հասարակության դաշտում են եղել, անցել են պետական աշխատանքի, այսինքն՝ հանրային վերահսկողութան ինտենսիվությունը թուլացել է։ Իսկ  ցանկացած իշխանություն հանրային վերահսկողության կարիք ունի։ Մինչ ապրիլ-մայիս ամիսները իրավապաշտպան աշխատանքը ակտվորեն իրականացվում էր։ Այսօր մենք տեսնում ենք, որ այս ոլորտում միջակայք է առաջացել»,-նշեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ իր գործունեությունը տեսնում է այս ոլորտում։ 

Մելիքյանը գոհունակություն հայտնեց, որ տարիների հետ մարդու իրավունքները ավելի ու ավելի մեծ կարեւորություն են ստանում Հայաստանում եւ Արցախում․ «Դա նաեւ նշանակում է, որ սա լավ պահ է ոլորտում մեր մոտեցումներն վերանայելու համար»,-նկատեց նախկին ՄԻՊ-ը։ 
Նա ուշադրություն դարձրեց նաեւ իրավապաշտպան գործունեության հարցում Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ թույլ կապերին․ «Այսօր մեր իրավապաշտպանները Արցախում իրականացնում են եզակի  ծրագրեր եւ այն էլ պայմանավորված խաղաղապահական գործունեությամբ»,-նկատեց Մելիքյանը՝ շեշտելով, որ դա կապված է հովանավորների քաղաքականությամբ։ Ռուբեն Մելիքյանի կողմից ստեղծվող կամզակերպությունը կապող օղակ կլինի Հայաստանի ու Արցախի միջեւ իրավապաշտպանության ոլորտում։ 

Մելիքյանը նաեւ հաջողություն մաղթեց ՄԻՊ-ի պաշտոնում իրեն հաջորդած Արցախի նոր օմբուդսմեն Արտակ Բեգլարյանին՝ շեշտելով, որ վստահ է վերջինիս գործունեության արդյունավետության հարցում․ «Կարծում եմ՝ նա աշխարհում առաջին կույր օբուդսմենն է։ Ամբողջ կյանքում նա ստիպված է եղել ավելի շատ խնդիրներ հաղթահարել, քան մյուսները։ Ես վստահ եմ, որ նա արդյունավետ կաշխատի»,-հավելեց Մելիքյանը։