ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` News.am-ի խնդրանքով մեկնաբանելով «Կոմերսանտ»-ի հրապարակումը:
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկբունքը՝ հավելյալ տեղեկություն չեմ կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին: Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված մեր ջանքերը», - նշեց Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին հետ էր կանչվել իր պաշտոնից: Նրան ժամանակավորապես փոխարինել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ներգրավվածության մեջ:




























