Ես չեմ հիշում մարդ, որ գաղափարական հենքի վրա միանում է իշխանությանը, ես գիտեմ մարդկանց, որոնք գաղափարական հենքի վրա ընդդիմություն են դառնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով կուսակցությունը լքած Հայկ Կոնջորյանի քայլը եւ դրա հանարվոր ազդեցությունները կուսակցության քվեների վրա առաջիկա ընտրություններում։

«Ամեն մարդ իր ճանապարհն ունի քաղաքական առումով եւ ժամանակը ցույց կտա, որն էր ճիշտը։ Կուսակցությունը չպետք է այդ մասին մտածի, կուսակցությունն ապրող օրգանիզմ է, անընդհատ պրոցեսներ են ընթանում, նոր մարդիկ ենք գալիս, հին մարդիկ կարող են վերանայել իրենց մոտեցումները»,-նշեց նա։

Մարուքյանը սակայն կարծում է՝ դա չի ազդի առաջիկայում քաղաքական ուժի ձայների վրա։

Նա նաեւ նշեց, որ առաջիկա ընտրություններում ունեն թեկնածուներ, այդ թվում՝ մարզերում, որոնք լուրջ մրցակցություն են առաջացնելու։

Նշենք, որ Հայկ Կոնջորյանը ավելի վաղ հայտարարել էր ԼՀԿ-ից հեռանալու մասին իր հավատամքին ու գաղափարներին դեմ չգնալու համար․ «Իմ քայլը պայմանավորված է բացառապես իմ գաղափարներով ու հավատամքով։ Ես ասել եմ նաեւ «Լուսավոր Հայաստանի» իմ ընկերներին։ Ես հավատում եմ ու մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին ու այն գործին, որը նա սկսել է։ Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, որին ես հավատում եմ։ Սա չափազանց ֆունդամենտալ հարց է»,-նշել է Կոնջորյանը։