Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ նոր քաղաքական մշակույթի ձեւավորման կարեւոր փուլ: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս իմաստով կարեւոր է իշխանության դերը, մասնավորապես՝ բանավեճերի մշակույթի ներդրման հարցում, որոնց ժամանակ քաղաքական ուժերը կկարողանային վարել գաղափարախոսության եւ ծրագրերի պայքար:
«Սա թույլ կտա ձեւավորել քաղաքական մրցակցություն եւ բնակչությանը տեղեկացնել այն ծրագրերի մասին, որոնցով քաղաքական ուժերը ընտրությունների են գնում»,- նշեց փորձագետը:
Ըստ Թեւան Պողոսյանի՝ այս հարցում էական է լրատվամիջոցների դերը, որոնք պետք է ընտրողների եւ քաղաքական ուժերի միջեւ հաղորդակցություն ապահովեն, որ ընտրողի մոտ ձեւավորեն ընտրություններում իր ձայնի կարեւորության գիտակցումը:
«Մեր քաղաքական մշակույթն այնպիսին է, որ շատերը ձգտում են համալրել այն քաղաքական ուժի շարքերը, որը իշխանության է, եւ ոչ այն պատճառով, որ նրա գաղափարներին համամիտ են, այլ միայն այն պատճառով, որ նրանք իշխանություն են»,- շեշտեց Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերը իշխանության ձգտեն, այլ ոչ թե նախապես հայտարարեն, որ իրենք հավակնում են երկրորդ կամ երրորդ տեղին:
«Նրանք, միաժամանակ, պետք է պատրաստ լինեն ընդդիմություն լինելու եւ պաշտպանելու այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց համար նրանց ընտրողները քվեարկել են»,- շեշտեց փորձագետը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ նախընտրական արշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ից: Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18:00: ԿԸՀ-ն նրանց կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, 18:00: Նախընտրական արշավը կանցկացվի նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Ըստ օրենսդրության՝ այն անցկացնելու համար հատկացվել է 12 օր:




























