Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում եւ պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացները իրականում չկան, ես ուղղակի կոչ կանեմ սպասել ընտրական ցուցակների հրապարակմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցւոմ ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մարդկանց մտահոգում է այն հնարավորությունը, որ ՀՀԿ-ական վարկաբեկված եւ «խաժամուժը» կարող է հայտնվել ՔՊ-ի ընտրացուցակում։
«Ցուցակների հրապարակվելուց հետո ինքներդ կարող եք գնահատական տալ, թե ինչ «խաժամուժ» է ներգրավված ցուցակում։ Ես կարծում եմ՝ ցուցակը ձեզ դուր կգա»,-նշեց նա։
Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ ռեյթինգայինով առաջադրվելու է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նախորդ տարի։ Իսկ արտահերթ ընտրություններից հետո ԿԳՆ-ն թողելու եւ ԱԺ վերադառնալու մասին հարցին, նա պատասխանեց, որ ըստ արդյունքների եւ թիմի հետ քննարկումների արդյունքում պարզ կլինի, սակայն այս պահին որեւէ որոշում չկա։











