Յուրաքանչյուր կուսակցություն կարող է հայտարարել, թե 20 տոկոսի, 50 տոկոսի ակնկալիքներ ունի, սակայն ես այն տեսակետին չեմ, որ ՀՀԿ-ն այդքան շատ ձայն կհավաքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով որոշ ՀՀԿ-ականների պնդմանը, թե իրենց քաղաքական ուժը նոր խորհրդարանում 20 տոկոս ունենալու ակնկալիք ունի:
«Ընդհանրապես կասկածելի է՝ ՀՀԿ-ն կանցնի՞ նոր խորհրդարան, թե ոչ: Դա կախված է մնացած կուսակցությունների դիրքից: Եթե մնացած ուժերը չկարողանան օգտագործել էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը եւ դրանից բխող քաղաքական պահանջարկը, չի բացառվում, որ ՀՀԿ-ն լինի երրորդ ուժը, անգամ երկրորդ ուժը, իհարկե, ոչ 20 տոկոսով»,-ասաց նա:
Արմեն Բադալյանի խոսքով, այսօր նոր ուժերի պահանջարկը շատ մեծ է. «Բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերին առաջ է մղում ոչ թե քաղաքական պրագմատիզմը, այլ շատ վճռորոշ գործոն են դառնում չբավարարված ամբիցիաները: Այդ ամբիցիաները խանգարում են քաղաքական գործընթացներին ու դժվարացնում քաղաքական վերլուծությունների իրականացնումը»:



























