Բրյուսելը կողմնակից էր Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը։ Այս մասին «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունների համար» սեմինարի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքերով՝ Եվրամիությունում կարծում էին, որ Հայաստանին ավելի շատ հարմար է կառավարման այս համակարգը։ «Սակայն, իմ կարծիքով, ներկայիս Սահմանադրությունը պարունակում է այնպիսի կետեր, որոնք հարմարեցվել են մեկ մարդու։ Անձամբ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը»,- հայտարարեց նա։

Սվիտալսկին ընդգծեց, որ Սահմանադրությունը բոլոր լիազորությունները տալիս է վարչապետին, իսկ նախագահը որպես «հարսանեկան գեներալ է հանդես գալիս»։

Բացի այդ, ԵՄ դեսպանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ սփյուռքը որեւէ իրավունք չունի։ Նա ընդգծեց, որ դա բարդ հարց է, սակայն նման խնդրի հետ առնչվել են, ասենք, հույները։ «Նրանք վախենում էին, որ ամերիկյան հույները շատ ուժեղ ազդեցություն կարող են ունենալ, սակայն վերջիվերջո, որոշեցին, որ միայն Եվրոպայում ապրող հույները կարող են ընտրության իրավունք ունենալ»,- նշեց նա։

Սվիտալսկու կարծիքով՝ սփյուռքի խնդիրը բաց հարց է, եւ նոր Հայաստանի պայմաններում պետք է քննարկել նման հարցերը։