Շենգավիթը, Մալաթիա–Սեբաստիան, Հարավ–արեւմտյան թաղամասը ներառող՝ թիվ 3 ընտրատարածքից, մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ խնդիր չի տեսնում նույն ընտրատարածքում իր կուսակիցներ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դեմ պայքարելու հարցում։

«Միանշանակ խնդիր չենք տեսնում, որովհետեւ, վերջ ի վերջո, մեր բոլորի ձայները մեկտեղվելու են «Իմ քայլը» դաշինքի ձայներին, այնպես որ մրցակցություն չեմ տեսնում։ Կաշխատենք բարի մթնոլորտում, իրար չենք խանգարի եւ նորմալ պրոցես կունենանք»,–ասաց նա։

Հրաչյա Հակոբյանի ցանկությունն է, որ ցուցակում ոչ անցողիկ տեղում լինի, որպեսզի չշահարկվի վարչապետի պաշտոնակատարի կնոջ եղբայրը լինելու հանգամանքը։

Խոսակցություններին, որ նույն ընտրատարածքից նախկինում պատգամավոր ընտրված, այս անգամ չառաջադրված Սամվել Ալեքսանյանը ստիպված է լինելու աջակցել Արարատ Միրզոյանին եւ Կորյուն Նահապետյանին, Հրաչյա Հարությունյանը ընկալումով է վերաբերվում. «Շատ լավ, թող աջակցի՝ թող երկու տեղ աջակցի՝ Կորյուն Նահապետյանին եւ Արարատ Միրզոյանին»։

Ասաց, որ նոր իշխանությունների օրոք դիրքի չարաշահումները բացառվում են, բայց Սամվել Ալեքսանյանը կարող է «ընկերականով, «թեւը մտնեմ»–ով» համոզել, որ ձայն տան այս կամ այն թեկնածուին։