Մայիսից հետո մեծ հոսք է եղել դեպի ՔՊ, դիմումներ են գրվել, որոնք դեռ չեն հաստատվել օբյեկտիվ պատճառներով։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։

«Քանի որ անդամագրումները հաստատում է վարչությունը, վարչության անդամները նաեւ կառավարության անդամներ են, մեկ–մեկ քննում են. դիմումներն այնքան շատ են, որ չեն հասցնում եւ մարդիկ կան, որոնք սպասում են իրենց հերթին»,–ասաց Հրաչյա Հակոբյանը։

Նա նշեց չափանիշները, որոնցով առաջնորդվում են ՔՊ անդամ ընտրելիս. «Եթե մարդը նախորդ իշխանությունների օրոք ընտրությունների ժամանակ «թաթախվել» է ընտրակեղծարարության մեջ, թաղային հեղինակություն է եղել կամ փորձել է սատարել թաղային հեղինակությանը, էդ մարդիկ տեղ չունեն մեր կուսակցությունում։ Մեր կապերը օգտագործելով փորձում ենք իմանալ՝ ինչ դերակատարում է ունեցել այդ մարդը նախորդ ընտրություններում»։

Նա ասաց, որ ՀՀԿ–ին նախկինում անդամակցելը խոչընդոտ չէ ՔՊ անդամ դառնալու համար։

«Մենք մի քանի անգամ շեշտել ենք, որ եթե կան մարդիկ, որոնք եղել են ՀՀԿ անդամ, չի նշանակում, որ նրանց վրա սեւ բիծ կա։ Շատ մարդիկ կան, որ չլինելով կուսակցական, շատ ավելի սարսափելի բաներ են արել»,–ասաց Հրաչյա Հակոբյանը։

Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած նախկին ՀՀԿ–ական գործարարները չեն անդամագրվի իրենց կուսակցությանը, առավել եւս՝ «Իմ քայլի» ցուցակով չեն մասնակցի ընտրություններին։