Այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է քննարկել 2011 ֆինանսական տարվա մյուս ամիսների ֆինանսավորումների հարցը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է իր առաջարկները 2012թ. ֆինանսական բյուջեի վերաբերյալ, որտեղ առաջարկել է Հայաստանին 40 մլն դոլար օգնություն հատկացնել, իսկ ռազմական օգնության հարցում ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:
Թեեւ նախագահ Օբամայի առաջարկը` 40 մլն դոլարի վերաբերյալ, նույնն է, ինչ այս տարի, սակայն նա առաջարկել է կտրել առողջության եւ երեխաների ապրուստի համար նախատեսված միջոցները, որոնք ավանդաբար կազմել են 400 հազար դոլար:
Ադրբեջանի տնտեսական օգնության հարցումը կրճատվել է 25 տոկոսով` 22,12 միլիոնից մինչեւ 16,6 միլիոն: Ռազմական օգնության մասով նախագահն առաջարկել է Հայաստանին հատկացնել 3,45 մլն դոլար արտաքին ռազմական ֆինանսական օգնության եւ միջազգային ռազմական կրթության համար, ինչը 450 հազարով քիչ է, քան Ադրբեջանին հատկացվող օգնությունը:





























