Կառավարությունը լուծարում է «Հատուկ կապ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը: Դրա վերաբերյալ որոշումը պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացվելու է կառավարության փետրվարի 17-ի նիստի հաստատմանը:

Նշենք, որ «Հատուկ կապը» նաեւ գաղտնի փաստաթղթերի փոխադրումներ իրականացնող կազմակերպություն է։ Մասնավորապես՝ ընկերությունն իրականացրել է հույժ գաղտնի պետական թղթակցությունների եւ ծանրոցների տեղափոխում։ Հիմնադիրը տրանսպորտի եւ կապի նախարարությունն է։

Ընկերությունն ունեցել է նաեւ լրացուցիչ ծառայություններ՝ բեռների եւ այլ փոխադրումների զինված ուղեկցում եւ պահպանություն, տարադրամների տեղափոխում:

ՀՀ գլխավոր դատախազությունը 2007 թ. այս ընկերությունում գործ էր հարուցել՝  յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու  դեպքի առթիվ:

Ընկերության լուծարման պատճառներն առայժմ հստակ չեն, սակայն տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին խոստացան առաջիկայում պարզաբանումներ տրամադրել։