Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց՝ նշելով. «Վերջին շրջանում արտաքին քաղաքական ոլորտի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններ կարծես թե քաղաքական, վերլուծական շրջանակներում որոշակի շփոթ են առաջացնում:
Ես կուզենայի՝ Դուք անդրադառնաք Բոլթոնի հայտարարությանը Իրանի հանդեպ սանկցիանների և տարածաշրջանային երկրներից ակնկալվող համարժեք արձագանքին, որովհետև կա մտահոգություն քաղաքական վերլուծական շրջանակներում, որ, եթե արձագանքը չլինի ճշգրիտ, դա կարող է բերել Հայաստանի կղզիացմանը, մենք բոլորս հասկանում ենք Իրանի ռազմավարական դերը տարածաշրջանում և ՀՀ-ի համար»:
Ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց. «Հայաստանը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համատեղ, համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել է Իրանի եւ գործընկեր պետությունների միջեւ: Մեզ համար շատ էական է, որ շարունակվեն ավանդական, փոխշահավետ բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ: Այս առումով, ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է իր կարեւորագույն առաքելությունը՝ այն է, գործընկեր պետությունների հետ իրականացվում են թափանցիկ ու անկաշկանդ քննարկումներ՝ կարեւորելով Հայաստան-Իրան փոխհարաբերությունները մի կողմից, մյուս կողմից նշանակություն տալով մեր ավանդական հարաբերություններին մեր մյուս գործընկեր պետությունների հետ միասին:
Բոլթոնի այցը առիթ էր մեզ համար ամենաբարձր մակարդակով վեր հանել տարածաշրջանային զարգացմանը միտված խնդիրներ, նաեւ լսելի դարձնել մեր մոտեցումները այն մարտահրավերների առնչությամբ, որոնք կան մեր երկրի հանդեպ»:




























