Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը անպայման կհանդիպեն Փարիզում, սակայն միջոցառումների ձեւաչափի պատճառով հանդիպումը լինելու է «ոտքի վրա», առաջիկայում առաջնորդները կհամաձայնեն լիարժեք ձեւաչափով հանդիպում անցկացնել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «վստահ չէ» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում հանդիպման կապակցությամբ, սակայն չէր բացառել Արգենտինայում «մեծ քսանյակի» ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը:
«Նրանք անպայման կհանդիպեն», — ասել է Պեսկովը եւ պարզաբանել, որ Փարիզում լիարժեք ձեւաչափով հանդիպում չի լինի:
«Հանգամանքներն իսկապես մի փոքր փոխվել են: Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների բազմակողմ ձեւաչափը թույլ չի տալիս երկու երկրների նախագահներին հանգամանալից հանդիպում անցկացնել», - բացատրել է Պեսկովը:
Ըստ նրա, հենց այդ պատճառով, Թրամփը եւ Պուտինը «ոտքի վրա» կբանակցեն եւ լիարժեք ձեւաչափով հանդիպման մասին կպայմանավորվեն:




























