ԼՂՀ զորամասերից մեկում փետրվարի 12-ին մահացած 21-ամյա  Թորգոմ Սարուխանյանը, ում մահվան առնչությամբ քննարկվում է ինքնասպանության վարկածը, բնակվում է Գյումրիի Անի թաղամասում ` Պարույր Սեւակ, 9-րդ փողոց, առաջին շենքի 15 բնակարանում:

Թորգոմի հարազատները ասում են, որ ցնցված են տեղի ունեցածից: Նրանց խոսքով, իրենք տեղյակ չեն, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել մահվանից առաջ : Առհասարակ զինծառայողի ծնողները  խուսափում են որեւէ դատողություն կամ մեկնաբանություն անելուց: Իսկ ազգականներն ու ընկերները իսկական տարակուսանքի մեջ են, չհասկանալով, թե ինչը կարող էր Թորգոմին դրդել ինքնասպանության:

Ընկերները պատմում են, թե Թորգոմը երբեւէ չի դժգոհել զինծառայությունից: Ընկերական շրջապատում էլ հարգանք է վայելել, իսկ դեպքից 2 օր առաջ զանգահարել ու զրուցել է հարազատների հետ , ասել է`ամեն ինչ նորմալ է:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է 21-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանը:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Մահվան հանգամանքները պարզվում են, գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան:

Ի դեպ, Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել Գյումրիի զինկոմիսարիատից, եւ արդեն մեկուկես տարվա զինծառայող էր: