Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչ այս գոյություն ունեցածներից, թերեւս, ամենաիսրայելամետն է: Այս մասին նոյեմբերի 6-ին «ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել է: Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ կլինեն» համատեղ քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ հարցերով փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Փորձագետի կարծիքով՝ Իրանի հետ հարաբերությունները մեծապես պայմանավորված են հենց այս գործոնով:
«Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնց մի մասը անձամբ Ջոն Բոլթոնի զավակն է, սահմանվել են իր ռազմավարական դաշնակցին՝ Իսրայելին աջակցելու համար»,- պարզաբանեց Սարգսյանը:
Նա նշեց, որ Վաշինգթոնում հրաշալի հասկանում են այն բարդ աշխարհաքաղաքական դիրքը, որում գտնվում է Հայաստանը, բայց, այդուհանդերձ, պնդում են, որ Երեւանը ԱՄՆ դիրքորոշումը հաշվի առնի: «Նույնիսկ Բոլթոնի հետ մեր փակ հանդիպմասն ժամանակ նա հաճախ էր օգտագործում «ճնշել» բառը, երբ խոսքը վերաբերում էր Իրանին»,- նշեց փորձագետը:
Սարգսյանը շեշտեց, որ շատ բան է կախված ԱՄՆ Սենատի առաջիկա ընտրություններից, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ ապագա արտաքին քաղաքականությունը, որը կարող է արտացոլվել նաեւ Իրանի հետ կապված ստեղծված իրավիճակի վրա:




























