Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները սխալ է անվանել:
«Մենք չենք ենթարկվի նման պատժամիջոցներին: Չեմ կարծում, որ այս պատժամիջոցները կիրառելու որոշումը ճիշտ է: Այս քայլը ուղղված է աշխարհում հավասարակշռությունը խաթարելուն», - NTV հեռուստաալիքը մեջբերել է նրա խոսքը:
Բացի այդ, Էրդողանը նորից նշել է, որ պատժամիջոցները «հակասում են միջազգային իրավունքի նորմերին»: Նախագահի խոսքով, Անկարան չի ցանկանում «ապրել իմպերիալիստական աշխարհում»: Այսօր, Թուրքիայի նախագահի խոսքով, իր երկիրը հարեւան Իրանից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միակողմանի սահմանափակումների չեղարկման դիմաց:
ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ի գիշերը: Այս սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին: Մնացած պատժամիջոցները, այդ թվում Իրանի նավթային հատվածի դեմ, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին:




























