Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաեւ վեց տարի առաջ փակված իրանական բանկի եւ անցյալ տարի խորտակված նավի հանդեպ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երեքշաբթի PressTV հեռուստաալիքը հայտնել էր, որ խորտակված նավը, որի մասին խոսում էր Զարիֆը, իրանական նավթալցնող SANCHI տանկերն է, որը լողում էր Պանամայի դրոշի ներքո։ Այն խորտակվել է հոնկոնգյան CF CRISTAL բեռնանավի հետ բախման հետեւանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միակողմանի սահմանափակումների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել էր ոչ միայն վերսկսել նախորդ պատժամիջոցները, այլեւ նորերը կիրառել, իսկ Պետդեպարտամենտն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Վաշինգտթոնը մտադիր է զրոյացնել Իրանի նավթի արտահանման եկամուտները:

ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ի գիշերը: Այս սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին: Մնացած պատժամիջոցները, այդ թվում Իրանի նավթային հատվածի դեմ, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: