Սեպտեմբերից Հայաստանում կսկսեն տրամադրվել կենսաչափական տվյալներ պարունակող (չիպերով) անձնագրեր ու նույնականացման քարտեր։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Նրա խոսքով՝ գործընթացը կսկսի սեպտեմբերին, սակայն դրա ավարտի համար կոնկրետ ժամկետներ չկան, քանի որ այդ գործընթացը կիրականացվի ներկայումս գործածվող անձնագրերի կիրառությանը զուգահեռ։  

«Նման անձնագրեր կստանան 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները, ովքեր  առաջին անգամ անձնագիր են ստանալու, իսկ այն մարդիկ ովքեր արդեն ունեն անձնագիր, կարող են օգտագործել իրենց անձնագիրը մինչեւ դրա ժամկետի ավարտը կամ իրենց ցանկությամբ փոխել այն»,- ասաց Ն. Մուրադխանյանը։ Նրա խոսքով՝ եթե անձնագիրը քաղաքացին կարող է ունենալ ըստ ցանկության, ապա նույնականացման քարտը 16 տարին լրացած երիտասարդների համար պարտադիր է։

Ն. Մուրադխանյանի խոսքով՝ նույնականացման քարտերը կլինեն 1000 դրամի չափով, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը կարող են արժենալ մոտ 15 հազար դրամ։

«Ես ենթադրում եմ, որ նոր անձնագրերը կարող են այդ գումարի շրջանակներում լինել՝ կախված դրա ինքնարժեքից, համակարգի ներդրման ծախսերից, իր վրա կատարվող ծախսերից։ Այդ բոլոր ծախսերը հաշվի առնելով կկազմի գին, այդ ժամանակ էլ համապատասխան տուրքի մասին օրենքով կնախատեսվի գումարի չափ»,-ասաց Ն. Մուրադխանյանը։

Նշենք, որ նոր տիպի անձնագրերում անձնական տվյալներից ու լուսանկարից բացի կլինեն նաեւ երկու ցուցամատների մատնահետքերը, իսկ նույնականացման քարտում` էլեկտրոնային ստորագրությունը: Նույնականացման քարտը կկիրառվի երկրի ներսում գործարքներ իրականացնելիս, իսկ նոր տեսակի անձնագրերը անհրաժեշտ կլինեն արդեն արտերկիր մեկնող քաղաքացիներին։