Իրանում շարունակվող հուզումների կապակցությամբ Հայաստանի քաղաքացիները չեն դիմել այդ երկրում Հայաստանի դեսպանատուն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ավելացնելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեսպանության հետ մշտական կապի մեջ է։
Նշենք, որ Իրանում, ի պաշտպանություն Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների, ընդդիմության ցույցեր են անցկացվել։ Թեհրանում փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ եւ ուղեւորվել կենտրոնական Ազադիի հրապարակ։
Ընդդիմադիրները տնտեսական պայմանների բարելավում, նախագահ Ահմադինեժադի հրաժարական եւ ազատ ընտրություններ անցկացնելու պահանջներ են ներկայացել։ Ականատեսներն իրենց բլոգներում հայտնել են մեկ զոհի մասին։
Այսօր Իրանի իշխանությունները հաստատել են այդ տեղեկատվությունը։ Ամենաքիչը տասը մարդ վիրավորվել է։





























