Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դժվարին պահերին արաբ ժողովուրդը սատար է կանգնել հայ ժողովրդին: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ-ում Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ-Ռահման ալ Հասանի հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ նորանշանակ դեսպանն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա շնորհավորել է դեսպանին եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերություններն ավելի կամրապնդվեն եւ կզարգանան: Այդ ամենի համար, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ եւ պատմականորեն ձեւավորված ամուր հիմք կա:

«Վստահ եմ, գիտեք, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում արաբ ժողովրդի նկատմամբ: Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դժվարին պահերին արաբ ժողովուրդը սատար է կանգնել հայ ժողովրդին: Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունից հետո արաբ ժողովուրդն, իրոք, սիրով ընդունեց հայ ժողովրդի մի մեծ հատվածի եւ պայմաններ ստեղծեց, որպեսզի մեր ժողովրդի այդ հատվածը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը եւ զարգանա»,-ասել է Սարգսյանը:

Օմանի դեսպանն այս կապակցությամբ նշել է, որ ամբողջ արաբական աշխարհում հայերը ճանաչված են եւ տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ հարգանք են վայելում: Նա կարեւորել է տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության կարեւորությունը: