Հայաստանի իշխող կոալիցիան փետրվարի 16-ին, ամենայն հավանականությամբ, համագործակցության մասին նոր փաստաթուղթ կստորագրի, որը կհամաձայնեցնի 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ կոալիցիոն երեք կուսակցությունների հետագա քայլերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները։

Համաձայն աղբյուրների՝ փաստաթղթում մասնավորապես ասված է, որ կոալիցիոն երեք կուսակցությունները 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին կսատարեն երկրի գործող նախագահին։

Նշենք, որ իշխող կոալիցիայի համագործակության մասին փաստաթղթի վերաբերյալ լուրերն սկսել էին շրջանառվել դեռ մի քանի օր առաջ։ Ավելին, համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ որոշված է եղել անգամ փաստաթղթի ստորագրման օրը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները հաստատել էին այդ տեղեկությունը, սակայն հետո հրաժարվել էին սեփական խոսքերից։ Ներկայումս կոալիցիայի ներկայացուցիչները կրկին off the record հաստատում են նմանօրինակ փաստաթղթի գոյության եւ դրա՝ փետրվարի 16-ին ստորագրման լուրերը։