Իրանի ոստիկանության ղեկավարի տեղակալ, բրիգադային գեներալ Ահմադ Ռզա Ռադանը IRNA գործակալությանը տվել է անցած օրը երկրում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ առաջին պաշտոնական մեկնաբանությունները։
Նրա խոսքով, երկուշաբթի երեկոյան Թեհրանում ընդդիմության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժել է 9 ոստիկան:
Նա հաստատել է ավելի վաղ հայտնված մեկ զոհի մասին տեղեկությունը։ «Կան վիրավորներ նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Եվս մեկ քաղաքացի ինքնասպանության փորձ է կատարել, սակայն ոստիկանների միջամտության արդյունքում այդ փորձը կանխվել է»,- հայտարարել է գեներալը։ Նրա խոսքով, անկարգությունները նախաձեռնել են «հակահեղափոխական տարրերը՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի գործակալները», հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Բացի այդ, ինչպես հայտնում է իրանական jamejamonline.ir պորտալը, 180 պատգամավորներ պահանջել են մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին։




























