ԲՀԿ–ն այս պահին դեռ որեւէ կուսակցության հետ համատեղ աշխատանք, քննարկում չի անցկացնում՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ասաց, չգիտի՝ փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, բայց իրենք բաց են առողջ ուժերի հետ քննարկելու իրենց ծրագիրը եւ համատեղ ներկայացնելու լայն հանրությանը։
Սերգեյ Բագրատյանը «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի։ ԲՀԿ համամասնական ցուցակում իր անունը կլինի՞, թե՞ ոչ՝ դեռ չգիտի։
Մեկ այլ «ռեյտինգայինի»՝ Վահան Կարապետյանի վեճի պատմությունից Գագիկ Ծառուկյանի հետ, Սերգեյ Բագրատյանը տեղյակ չէ, բայց համոզված է, որ լուրջ բան չկար. «Ավելի շուտ պարոն Կարապետյանը որոշակի թայմ–աուտ էր վերցրել՝ վերարժեւորելու իր քաղաքական ուղին։ Կարծում եմ, խնդիրները լուծված են եւ առանձնապես լուրջ բան չկա, որպեսզի վեճի հարթվելը եւ Վահան Կարապետյանի առաջադրվելը ԲՀԿ–ից համարենք նոր հարաբերություններ»։
ԲՀԿ նախընտրական ծրագիրն ուղղված է լինելու հանրային կյանքի այն ոլորտներին, որտեղ բացթողում են տեսնում. «Առավել անապահով խավի համար բնակարանաշինության խնդիրն ենք բարձրացնում, ներդրումներ ներգրավելու հնարավորություններ ենք դիտարկում, գյուղատնտեսության հետ կապված բազմաթիվ առաջարկություններ ունենք՝ վարկերի տոկոսները իջեցրինք, հիմա պայքարելու ենք, որ այդ սեւ ցուցակների խնդիրը լուծվի. գյուղացիական տնտեսություններին տրվի հնարավորություն ազատ տնօրինելու իրենց վարկային ռեսուրսները՝ բարձր տոկոսադրույքներով շատերն են վնասվել, մենք պետք է ապահովագրական ինստիտուտների ներդրմամբ փորձենք կարգավորել գյուղացիական տնտեսությունների կենսունակությունը»։
Նոր աշխատատեղերի բացումը պետության հետ համատեղ ծրագրերով են պատկերացնում։
Առաջիկա քարոզարշավի «սեւ ու սպիտակ» հեռանկարին ԲՀԿ–ն պատասխանելու է ծիածանով. «Ծիածանը բազմաթիվ գեղեցիկ գույներ ունի եւ մենք չենք տարանջատելու մեր հասարակությանը որեւէ գույնի»։











