Հայաստանի ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Հրազդանի Ջրառատ գյուղի բնակիչ Շահեն Հայրապետյանի եւ նրա մոր` Վերգինե Հայրապետյանի հաղորդումների առնչությամբ: Գործը հարուցվել է փաստի առթիվ` Քրեական օրենսգրքի 131 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` «մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նշենք, որ փետրվարի 10-ին Շահեն Հայրապետյանը Գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել, որն առնչվում էր Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանին եւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց: Հաղորդման մեջ Հայրապետյանը պատգամավորի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին եւ նրա ընկերներին մեղադրում է իրեն դաժան ծեծի եւ բռնությունների ենթարկելու մեջ:
Գումարային խնդիրների պատճառով նրանք, ըստ Շահեն Հայրապետյանի ներկայացրած հաղորդման, ապօրինի բռնագրավել են իրեն պատկանող ավտոմեքենան, իրեն ծեծի ենթարկել Արաբկիր համայնքում գտնվող «Երեւան Սիթի» խանութի նկուղում, հետո նրանցից մի քանիսն իրեն առեւանգել, տարել են Մալաթիա թաղամասի մոտ գտնվող ինչ-որ մետաղյա տնակ, այնտեղ չորս օր «պատանդ» պահել: Առեւանգողների թվում Արտակ Ալեքսանյանի անունը չի նշվում:
Իր հերթին Շահեն Հայրապետյանի մայրը` Վերգինե Հայրապետյանը փետրվարի 11-ին դիմել էր ոստիկանության Հրազդանի բաժին` պնդելով, որ Արամ, Իլյիչ, Արթուր անուններով անձինք իր որդուն կանչել են «Երեւան Սիթի» խանութ, ինչից հետո որդին իր կամքին հակառակ մի քանի օր մնացել է անազատության մեջ, ապա դիմել փախուստի:
Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքել է իր եղբորոդու առնչությունը հիշյալ միջադեպին: Նրա պնդմամբ` այս ողջ պատմությունը «շառ» է, «սարքովի գործ»:





























