Ղարաբաղյան կարգավորումը փոքրիկ, բայց կոնկրետ քայլերով առաջ է ընթանում: Այս մասին փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, չնայած թերություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող կարգավորման ձեւաչափն ամենաօպտիմալն է:

Հարությունյանի խոսքով` միջնորդները  որդեգրել են «քայլ առ քայլ» գործելու սկզբունքը, քանի որ Ադրբեջանի  առաջ քաշած պահանջները` վերադարձնել տարածքները եւ նոր  միայն Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ, հեռանկար չունեն:

«Ուստի համանախագահները ձեռնարկում են փոքրիկ, բայց կոնկրետ քայլեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ռազմագերիների եւ դիակների վերադարձի մասին, որն իրականացվել է: Այնուհետ բանակցություններն ընթանալու են դիպուկահարների հեռացման շուրջ»,- նկատել է Հարությունյանը: Նա նաեւ հավելել է, որ հայկական կողմի դիվանագիտական ջանքերի շնորհիվ էապես նվազել է պատերազմի վերսկսման հնարավորությունը: