ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նույնպես կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։

Այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արշակյանը նշեց, որ ինքն ամենայն հավանականությամբ առաջադրվելու է որպես ռեյտինգային թեկնածու։

Հարցին՝ արդյոք նախարարության աշխատողների առջեւ դրված է կուսակցական դառնալու խնդիրը, Հակոբ Արշակյանը նշեց, որ ինքը ժողով է անցկացրել ու խստորեն արգելել զբաղվել կուսակցական գործունեությամբ աշխատանքային ժամերին:

«Քարոզարշավին ես կմասնակցեմ աշխատանքային ժամերից դուրս և արձակուրդի շրջանում», - ասաց նա։

Նշենք, որ նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներն ընդգրկող ընտրական տարածքում։