«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Կուսակցության ղեկավարը նշեց, որ չնայած ընտրությունները հակաժողովրդավարական բնույթ կկրեն, քաղաքական կուսակցությունը պետք է մասնակցի երկրի բոլոր կարեւոր ընտրություններին:
«Անձամբ ես չեմ մասնակցելու ընտրություններին, եւ ես չեմ լինի ցուցակում, սակայն Ազգային ինքնորոշում միավորումը կմասնակցի», - ավելացրեց նա:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին` Պարույր Հայրիկյանը նշեց, որ խոսքը ժողովրդավարական ընտրությունների մասին չի կարող լինել, քանի որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում հաղթող ուժը ձայների 60 տոկոսից ավելին չի հավաքում:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից: Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց դիմումները ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ի 18:00-ն: ԿԸՀ-ն դրանք գրանցելու է նոյեմբերի 19-ին մինչեւ 18:00-ն: Նախընտրական քարոզչությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Օրենքի համաձայն, դրա համար հատկացվում է 12 օր:



























