Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Իրան կատարած այցի ընթացքում փորձել է հանդիպել փողոց դուրս եկած իրանցի ցուցարաների հետ, ինչը կտրուկ մերժել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իսրայելական Debka-ին։
Թուրքիայի նախագահի այցը համընկել է Իրանի ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների հետ։ Ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիայի նախագահին հրավիրել են իրենց մոտ, որին Գյուլը դրական է պատասխանել։ Այնուհետ Գյուլի թիկնապահները իրանցի գործընկերներից անվտանգության ապահովման համար ուղեկցող խումբ են խնդրել։
Իրանի նախագահին այս ամենը դուր չի եկել, եւ նա հրահանգել է նույնիսկ Անկարայի հետ հարաբերությունների խզման գնով էլ կանխել Գյուլի հանդիպումը ցուցարարներ հետ։ Թուրքիայի նախագահը հրաժարվել է այս մտքից, սակայն երկու ղեկավարների միջեւ լարվածությունը մնացել է ամբողջ օրվա ընթացքում։
Debka-ն նշել է, թե այս պատճառով Ահմադինեժադ-Գյուլ համատեղ մամուլի ասուլիսը շատ կարճ է տեւել։ «Թուրքիայի նախագահը Եգիպտոսի ցուցարարներին ամենավաղ աջակցություն հայտնած անձանցից մեկն է։ Իրանցի ցուցարարները առաջին անգամ էին փողոց դուրս եկել 2009-ին տեղի ունեցած ընտրություններից հետո՝ իրենց աջակցությունը հայտնելով Եգիպտոսի եւ Թունիսի ժողովրդին»,-գրել է իսրայելական կայքը։





























