Ընդերքի մասին օրենսգրքում առկա սողանցքերը ապօրինի գործունեության հիմք են ստեղծում ընդերքի շահագործման գործընթացում: Նման տեսակետ է հայտնել ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Նրա խոսքով, տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունը լուրջ վերամշակումների կարիք ունի: Այվազյանն ընդգծել է, որ այսօր խնդիրներ կան արտոնագրերի եւ ընդերքօգտագործման տարածքների հատկացման հարցում, անհրաժեշտ է նաեւ հստակեցնել ռոյալթիի համակարգը:
Իր հերթին էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նկատել է, որ տվյալ փոփոխությունները կարգավորում են բոլոր հանքերի եւ հանքավայրերի շահագործումը, բացի նավթայինից եւ գազայինից: Առաջարկված փոփոխությունները, ըստ նրա, կարգավորում են ընդերքի շահագործման կարգն ու կանոնները, դրանք շահագործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները: Ըստ փոխնախարարի, հստակեցված են նաեւ հանքի փակման ընթացակարգերը, ինչի մասին շահագործողը պետք է հայտնի երկու տարի առաջ եւ համապատասխան ֆինանսական հաշվետվություն ներկայացնի: Բացի այդ, հանքի փակումից հետո պետք է համապատասխան դիտարկում արվի: Գալստյանը նշել է նաեւ, որ փաստաթղթերի մշակման ժամանակ հաշվի է առնվել եվրոպական փորձը, իսկ «արտոնագիր» հասկացությունն ընդհանրապես բացակայում է:



























