Հայաստանում ինքնասպանության փորձ կատարում են առավելապես 20-40 տարեկանները, իսկ ահա դեռահասներն ու ծերերը ինքնասպանության գրեթե չեն դիմում։ Փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հոգեբույժ Հարություն Մինասյանը:

Նրա խոսքով, 2010 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է ավելի քան 600 ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ: «Լինում են դեպքեր, երբ ինքնասպանության փորձերն  առհասարակ չեն գրանցվում, որպեսզի տվյալ անձի կամ նրա ընտանիքի անունը չվարկաբեկվի։ Հաճախ ինքնասպանության փորձերը ներկայացվում են իբրեւ դժբախտ պատահարներ»,- տեղեկացրեց հոգեբույժը։

Հարություն Մինասյանի խոսքով, ինքնասպանության դիմում են հիմնականում հոգեկան խանգարում ունեցող անձիք՝ առավել հաճախ շիզոֆրենիայի եւ դեպրեսիայի առկայության պարագայում։

Անդրադառնալով վերջին շրջանում բանակում գրանցվող ինքնասպանությունների թեմային՝ հոգեբույժը դրանք պայամանավորեց ոչ թե այնտեղ տիրող վախի մթնոլորտով կամ ծեծով, այլ տարիքային առանձնահատկությամբ՝ հիմնականում 16-26 տարեկան հասկանում ի հայտ եկող ժառանգական հոգեկան հիվանդություններով: Ըստ այդմ, ըստ նրա, հայկական բանակ են զորակոչվում հոգեկան հիվանդություններով տառապող երիտասարդների:

Ամփոփելով՝ Մինասյանը նկատեց, որ մարդու հոգեկան աշխարհի վրա մեծ ազդեցություն են թողնում նաեւ աղանդները։ «Ոչ թե աղանդներն են մարդկանց վերածում հոգեկան հիվանդների, այլ հոգեկան հիվանդներն են հակում ցուցաբերում դեպի աղանդավորությունը»: