«Մահմեդական եղբայրներ» քաղաքական շարժումը մտադիր է կուսակցություն ստեղծել, երբ երկրի նոր իշխանությունները վերացնեն այդ կազմակերպության գործունեության արգելքը: Այս մասին ասվում է կազմակերպության կողմից` փետրվարի 15-ին տարածված հաղորդագրության մեջ:
Տեղեկացնենք, որ Եգիպտոսի պաշտոնաթող նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք այդ կազմակերպության գործունեությունն արգելված էր: «Մահմեդական եղբայրներ» շարժումը համարվում է Եգիպտոսի կազմակերպված կրոնական-քաղաքական կազմակերպություններից մեկը, որը ակտիվորեն մասնակցում էր Մուբարաքի հրաժարականը պահանջող ցույցերին:
Նշենք, որ արեւմտյան, մասնավորապես ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվորեն սկսել են քննարկել «Մահմեդական եղբայրներ» շարժման թեման, որոնց շրջանակում ներկայացվում են նմանություններ եգիպտոսյան եւ Լիբանանի «Հզբոլլահ» շիական շարժման միջեւ։
Եգիպտոսում, ինչպես հայտնի է, իշխանության ղեկը ժամանակավորապես ստանձնել է Զինվորական գերագույն խորհուրդը, որը խոստացել է արդար ընտրություններ անցկացնել:




























